Տեսակների որոշում

Քարաքոսերի տեսակների որոշումը քարաքոսաբանության հիմնական խնդիրներից մեկն է: Քարաքոսերի որոշումը դժվարին և ծավալուն աշխատանք է, որի իրականացման համար անհրաժեշտ է լավ իմանալ քարաքոսերի անատոմիան և մորֆոլոգիան: Քարաքոսերի որոշման ժամանակ միակ առավելությունը կայանում է նրանում, որ քարաքոսերը ունեն միևնույն տեսքը տարվա բոլոր եղանակներին, ուստի կարող են հավաքվել և որոշվել ինչպես ձմռան, այնպես էլ ամռան ընթացքում:

Որոշումը իրականացվում է մի քանի փուլով: Առաջին փուլում` դաշտային աշխատանքների ժամանակ, կատարվում է հետազոտվող նյութի հավաքումը, ինչի որակից էլ կախված է աշխատանքի հետագա ընթացքը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն աչքի ընկնող քարաքոսերի վրա, այլ նաև նկատել մանր տեսակները, որոնք կազմում են ցանկացած շրջանի լիխենոֆլորայի կեսից ավելին: Հավաքված քարաքոսերը փաթեթավորում են, տեղավորում են հատուկ տարաների մեջ: Յուրաքանչյուր նմուշ պետք է ունենա համապատասխան պիտակ, որի վրա նշվում է նմուշառման վայրը, ժամանակը, հնարավորության դեպքում` կոորդինատները, բնակավայրի պայմանները, սուբստրատը, նմուշի ենթադրյալ անվանումը, հավաքողի տվյալները:

Որոշման համար անհրաժեշտ են` մանրադիտակ, բինոկուլյար, ջուր, ռեակտիվների լուծույթներ, առարկայակիր ապակիներ, ծածկապակիներ և որոշիչներ: Թալոմների և պտղամարմինների կտրվածքները կատարվում են սայրի օգնությամբ: Ստացված կտրվածքները հետազոտում են մանրադիտակի տակ` նախապես տեղավորելով ջրի կաթիլի մեջ: Հաճախ անհրաժեշտ է լինում որոշել սպորների, պայուսակների և այլ կառուցվածքների չափը` միկրոմետրերով:

Որոշման ժամանակ գտագործվող ռեակտիվներն են.

K – KOH-ի 10%-անոց լուծույթ: Գունային ռեակցիաների հայտնաբերման համար այն կաթեցնում են հետազոտվող նմուշի վրա: Ռեակցիան տեղի է ունենում շատ արագ: Գունային ռեակցիայի դեպքում նմուշը դեղնում է կամ կարմրում: Գունային ռեակցիայի առկայությունը նշանակում են որպես K+:

C – կալցիումի հիպոքլորիտի` Ca(ClO)2, ջրային լուծույթ: Գունային ռեակցիայի առկայությունը կամ բացակայությունը համապատասխանաբար նշում են որպես С+ կամ С-: Քարաքոսերի որոշ տեսակների մոտ գունային ռեակցիա դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ նմուշը սկզբից թռչում են K լուծույթով, ապա միանգամից` C լուծույթով (նշվում է КС+) և չի առաջանում այդ լուծույթների առանձին կիրառման  դեպքում:

J – յոդի լուծույթը KJ-ում: Ամիլոիդային հիֆերի կամ ժելատինի առկայության դեպքում առաջանում է կապույտ կամ մանուշակագույն գունավորում: Գունավորման առկայությունը կամ բացակայությունը նշվում է համապատասխանաբար J+ կամ J-:

P – պարաֆենիլենդիամինի C6H4(NH2)2 լուծույթը նատրիումի սուլֆիտում: Այս ռեակտիվը թունավոր է: Նրա օգտագործման ժամանակ առաջանում է դեղին, կարմիր կամ նարնջագույն գունավորում (Р+ կամ Р-):

Ավելի հազվադեպ օգտագործում են HNO3, NH3, H2SO4, HCl  որոշակի գունային ռեակցիաներ ստանալու համար:

Պատրաստուկը պահպանելու համար ծածկապակու տակ ավելացնում են գլիցերինի կաթիլ և որոշ ժամանակ հետո փոխարինում խիտ գլիցերինով:

Այնուհետև արդեն որոշում են տեսակը` օգտվելով համապատասխան գրքերից և որոշիչներից: