Քարաքոսաբանություն

Քարաքոսաբանությունը, սնկաբանության (միկոլոգիայի) բաժին է, որն ուսումնասիրում է քարաքոսներ: Քարաքոսն իրենից ներկայացնում է սիմբիոտիկ օրգանիզմ` կազմված միկրոսկոպիկ ջրիմուռի (կամ ցիանոբակտերիայի) և սնկի ասոցիացիայից։ Քարաքոսաբանությունը անվանում են նաև լիխենոլոգիա։ Այս տերմինն առաջացել է հունարեն leichen` քարաքոս, և lоgos` գիտություն բառերից։

Քարաքոսերի կարգաբանությունն առաջին անգամ խորը կերպով ուսումնասիրվել է շվեդ բուսաբան Էրիկ Աքարիուսի կողմից (1757-1819)։ Այս պատճառով էլ նրան երբեմն անվանում են «քարաքոսաբանության հայր»: Է. Աքարիուսը եղել է Կարլ Լինեյի աշակերտը։ Աքարիուսը գրել է մի շարք կարևոր աշխատություններ, որոնք նպաստեցին քարաքոսաբանության` որպես գիտության, կայացմանը։

Հետագայում քարաքոսաբանության զարգացման գործում մեծ ներդրում ունեցան այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Վեռնոն Ահմաջյանը, Էդվարդ Թուքերմանը, Կոնստանտին Մերեժովսկին և այլք։