Պատմություն

Հայաստանի քարաքոսերի կենսաբազմազանությունը դեռևս լավ ուսումնասիրված չէ: Քարաքոսերի վերաբերյալ առաջին տեղեկությունները վերագրվում են 19-րդ դարի սկզբին: Սակայն այս տեղեկությունները իրենցից չեն ներկայացնում ամբողջական նյութ, այլ ցրված են տարբեր գրական աղբյուրներում և իրենց մեջ ներառում են տեղեկություններ նաև Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի տարածքում աճող քարաքոսերի մասին:

Երկու տեսակի քարաքոսերի մասին տեղեկություններ կան բնագետ Բելանժեի “Voyage aux Indes Orientales…” աշխատությունում: Այդ տեսակները նա հավաքել է Հնդկաստան մեկնելու ճանապարհին` Կովկասի լեռներում: Հաջորդ աշխատությունը, որում նկարագրված են Հայաստանում աճող 9 տեսակի քարաքոսեր, պատկանում է բուսաբան Ֆրիդրիխ Բուզեին, որը հավաքել է այս տեսակները Մոսկվայից Իրան մեկնելու ճանապարհին` անցնելով Հայաստանով:Քարաքոսերի վերաբերյալ առաջին աշխատություններից է նաև Շտեյների աշխատանքը, որում նկարագրված է քարաքոսերի 14 տեսակ` հավաքված Երևանի արվարձաններից և Անիի փլատակների շրջակայքից:

Ավելի ուշ Բ.Գ.Պախունովան, մշակելով Հայաստանից հավաքված քարաքոսերի մեծ հավաքածուն, տպագրեց հոդված, որտեղ ներկայացված են մի քանի տեսակներ:

Ա.Մ. Օկսները 1948 թվականին հրատարակեց «ԽՍՀՄ-ի նոր և հազվադեպ քարաքոսեր» աշխատությունը, որտեղ նույնպես ներկայացված են Հայաստանում աճող տեսակներ:

Ի. Վիսոկոստրովսկայան և Գ. Դենիսովան, ուսումնասիրելով Արագած լեռան տարածքը, հրատարակեցին աշխատություն, որտեղ նկարագրված են 8 տեսակներ:

Հայաստանի քարաքոսերի նպատակաուղղված հետազոտություններ սկսվել են Վ.Գ. Նիկողոսյանի օրոք: Նա հրապարակել է մի շարք աշխատություններ, որտեղ բերված են տվյալներ 96 տեսակների և նրանց էկոլոգիայի մասին:Ցավոք սրտի նրա հավաքածուի մեծ մասը չի պահպանվել:

Հայաստանի քարաքոսերի ուսումնասիրման գործում մեծ ներդրում ունի Ժ.Օ. Բարխալովը, որը ուսումնասիրել է տարբեր քաղաքների բուսաբանական հաստատությունների հերբարիումները և հրատարակել է մի շարք աշխատություններ` նշելով Հայաստանի 100-ից ավելի քարաքոսերի տեսակների մասին:

Բազմահատորանի «ՍՍՀՄ-ի քարաքոսերի որոշիչում» նույնպես կան տեղեկություններ Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ:

1980-ականներին Հայաստանի լիխենոֆլարայի հետազոտման գործում մեծ ներդրում է ունեցել Ա. Աբրահամյանը: Նրա հետազոտությունները հիմնականում ուղղված են եղել Սևանի ավազանում տարածված քարաքոսերի ուսումնասիրմանը: Իր աշխատություններում Աբրահամյանը նշել է ավելի քան 190 տեսակ քարաքոսերի մասին:

Մեր երկրում տարածված քարաքոսերի բազմազանության հետազոտման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել Հելմուտ Մայրհոֆերը և Շահանե Հարությունյանը: Նրանց գործունեության արդյունքում Հայաստանի լիխենոֆլորան հարստացել է ավելի քան 200 տեսակով: Իսկ 2011թ. հրապարակված հոդվածում (Harutyunyan, S., Wiesmair, B. &Mayrhofer, H. 2011. Catalogue of the lichenized fungi in Armenia. Herzogia 24: 265 –296) ներկայացվել է Հայաստանի քարաքոսերի կատալոգը, ըստ որի Հայաստանում տարածված է քարաքոսերի 414 տեսակ, 1 ենթատեսակ և 7 վարիացիա:

Ներկայումս Հայաստանի քարաքոսերի հետազոտությունները շարունակում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը Բեռլինի բուսաբանական այգու և թանգարանի քարաքոսերի հերբարիումի համակարգող, դոկտոր Հարի Սիպմանի հետ համատեղ /Գերմանիա/:

Խորհրդային Հայաստանի տարածքից հավաքված քարաքոսերի հավաքածուները հիմնականում պահպանվում են ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և ԵՊՀ Բուսաբանության ամբիոնի հերբարիումներում: Բուսաբանության ամբիոնի հավաքածուի հիմնական մասը կազմում են Մ.Մելիքսեթյանի կողմից հավաքված տեսակները: Այստեղ պահպանվում են նաև Լ.Ա. Գևորգյանի, Դ.Ն. Բաբայանի կողմից հավաքված տեսաները:

Այս բաժնի նյութը պատրաստելիս օգտագործվել է Ա. Աբրահամյանի «Սևանի ավազանի քարաքոսերի ֆլորան» թեկնածուական ատենախոսության մեջ տեղ գտած, ինչպես նաև Ա. Գասպարյանի կողմից տրամադրված տեղեկատվությունը: